Որակյալ կրթություն
Ապահովել ներառական և հավասար որակյալ կրթություն և խթանել շարունակական ուսուցման հնարավորությունները բոլորի համար։
Կրթությունը մարդկանց հնարավորություն է տալիս ձեռք բերել գիտելիքներ, հմտություններ և կարողություններ, որոնք բարելավում են նրանց կյանքը և նպաստում հասարակության զարգացմանը։ Որակյալ կրթությունը կարևոր դեր ունի աղքատության նվազեցման, հավասարության խթանման և նորարարության զարգացման գործում։
ԿԶՆ 4-ը նպատակ ունի ապահովել, որ բոլոր երեխաները, երիտասարդները և մեծահասակները ունենան ներառական և հավասար կրթական հնարավորություններ։ Այն աջակցում է գրագիտության զարգացմանը, մասնագիտական կրթությանը, թվային հմտությունների ձևավորմանը և շարունակական ուսուցմանը։
Կրթության ոլորտում ներդրումները նպաստում են տնտեսական աճին, սոցիալական համախմբվածությանը և ապագա սերունդների պատրաստվածությանը գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար։ Կրթությունը կայուն զարգացման ամենահզոր գործիքներից մեկն է։
Թիրախներ
Թիրախ 4.1
Մինչև 2030թ. ապահովել, որ բոլոր աղջիկները և տղաները ստանան անվճար, համապատասխան և որակյալ տարրական և միջնակարգ կրթություն, որը հանգեցնում է պատշաճ և արդյունավետ ուսումնառության նպատակների
Թիրախ 4.2
Մինչև 2030թ. ապահովել, որ բոլոր աղջիկների և տղաների համար հասանելի լինեն որակյալ վաղ մանկության զարգացման հնարավորությունները, խնամքը և նախադպրոցական կրթությունը, որպեսզի նրանք պատրաստ լինեն տարրական կրթության
Այս թիրախին կից ցուցանիշները դեռևս մշակման փուլում են։
Թիրախ 4.3
Մինչև 2030թ. բոլոր կանանց և տղամարդկանց համար ապահովել մատչելի և որակյալ տեխնիկական, միջին-մասնագիտական և բարձրագույն, այդ թվում՝ համալսարանական կրթության հավասար հասանելիություն
Թիրախ 4.4
Մինչև 2030թ. էապես ավելացնել երիտասարդների և մեծահասակների թիվը, ովքեր ունեն պատշաճ, այդ թվում՝ տեխնիկական և միջին¬մասնագիտական հմտություններ՝ զբաղվածություն, արժանապատիվ աշխատանք գտնելու և ձեռներեցությամբ զբաղվելու համար
Թիրախ 4.5
Մինչև 2030թ. վերացնել գենդերային անհավասարությունները կրթության ոլորտում և ապահովել հավասար հասանելիություն ուսման և միջին¬մասնագիտական կրթության բոլոր մակարդակներում խոցելիների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, տեղաբնիկ ժողովուրդների և խոցելի իրավիճակներում գտնվող երեխաների համար
Թիրախ 4.6
Մինչև 2030թ. ապահովել, որ պատանիները և մեծահասակների զգալի հատվածը՝ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, դառնան տառաճանաչ և թվաճանաչ
Թիրախ 4.7
Մինչև 2030թ. ապահովել, որ բոլոր սովորողները ձեռք բերեն կայուն զարգացումը խթանելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, այդ թվում, ի թիվս այլոց, կայուն զարգացման և կայուն կենսակերպի, մարդու իրավունքների, գենդերային հավասարության, խաղաղության և բռնությունը մերժող մշակույթի խթանման, աշխարհի քաղաքացիության, ինչպես նաև մշակութային բազմազանության և կայուն զարգացման մեջ մշակույթի ունեցած ավանդը գնահատող ուսուցմամբ
Թիրախ 4.a
Կառուցել և վերազինել ուսումնական հաստատությունների շենքային հարմարությունները, որոնցում հաշվի են առնված երեխաների, հաշմանդամների և գենդերային տարբերությունների առանձնահատկությունները, և որոնք ապահովում են անվտանգ, բռնությունից զերծ, ներառական և արդյունավետ ուսումնառության միջավայր բոլորի համար
Թիրախ 4.b
Մինչև 2020թ. էականորեն և գլոբալ ընդգրկումով ավելացնել զարգացող երկրներին տրամադրվող կրթաթոշակները, մասնավորապես առավել թույլ զարգացած երկրներին, զարգացող փոքր կղզի-պետություններին և աֆրիկյան երկրներին՝ բարձրագույն կրթության համակարգում, այդ թվում՝ միջին-մասնագիտական ուսուցման, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, տեխնիկական, ճարտարագիտական և գիտական ծրագրերում ընդգրկվելու նպատակով՝ զարգացած երկրներում և այլ զարգացող երկրներում
Թիրախ 4.c
Մինչև 2030թ. զարգացող երկրներում, հատկապես առավել թույլ զարգացած երկրներում և զարգացող փոքր կղզի-պետություններում էականորեն ավելացնել որակավորված ուսուցիչների թվաքանակը, այդ թվում՝ ուսուցիչների պատրաստման նպատակով ստեղծվող միջազգային գործակցության միջոցով
