Լավ առողջություն և բարեկեցություն
Ապահովել առողջ կյանք և բարեկեցություն բոլորի համար՝ բոլոր տարիքում։
Առողջությունը մարդու հիմնարար իրավունքներից է և կայուն զարգացման կարևորագույն նախապայմաններից։ Թեև վերջին տասնամյակներում գրանցվել է առաջընթաց մանկական մահացության նվազեցման և բազմաթիվ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում, միլիոնավոր մարդիկ դեռևս չունեն որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիություն։
ԿԶՆ 3-ը կենտրոնանում է կանխարգելելի մահերի կրճատման, մայրական և մանկական առողջության բարելավման, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի, ինչպես նաև առողջապահական համակարգերի ամրապնդման վրա։ Այն ընդգծում է նաև հոգեկան առողջության, ճանապարհային անվտանգության և դեղորայքի ու պատվաստանյութերի հասանելիության կարևորությունը։
Ուժեղ առողջապահական համակարգերը նպաստում են առողջ համայնքների ձևավորմանը, աշխատունակության բարձրացմանը և առողջապահական արտակարգ իրավիճակների նկատմամբ ավելի մեծ դիմակայունությանը։ Առողջության ոլորտում ներդրումները շահավետ են ինչպես անհատների, այնպես էլ ամբողջ հասարակության համար։
Թիրախներ
Թիրախ 3.1
Մինչև 2030թ. կրճատել մայրական մահացության համամասնությունը մինչև 70-ից ցածր՝ 100 հազար կենդանածնի հաշվով
Թիրախ 3.2
Մինչև 2030թ. վերջ դնել նորածինների և մինչև 5 տարեկան երեխաների կանխարգելելի մահերին. բոլոր երկրները պետք է նպատակ ունենան նվազեցնել վաղ նորածնային մահացությունը առնվազն մինչև 12-ից ցածր՝ 1000 կենդանածնի հաշվով, իսկ մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը՝ առնվազն մինչև 25-ի՝ 1000 կենդանածնի հաշվով
Թիրախ 3.3
Մինչև 2030թ. վերջ դնել ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի, մալարիայի և անտեսված արևադարձային հիվանդությունների համաճարակներին և պայքարել հեպատիտի, ջրի միջոցով փոխանցվող հիվանդությունների և այլ վարակիչ հիվանդությունների դեմ
Թիրախ 3.4
Մինչև 2030թ. մեկ երրորդով կրճատել վաղաժամ մահացությունը ոչ վարակիչ հիվանդություններից՝ կանխարգելման և բուժման միջոցով, և խթանել հոգեկան առողջությունը և բարեկեցությունը
Թիրախ 3.5
Ուժեղացնել թմրամիջոցների չարաշահման կանխարգելումը և բուժումը, այդ թվում՝ թմրադեղերի չարաշահումը և ոգելից խմիչքների վնասաբեր օգտագործումը
Թիրախ 3.6
Մինչև 2020թ. աշխարհում կիսով չափ կրճատել ճանապարհատրանսպորտային պատահարներից մահերի և վիրավորվելու դեպքերի թիվը
Թիրախ 3.7
Մինչև 2030թ. ապահովել սեռական և վերարտադրողական առողջության պահպանման ծառայությունների համընդհանուր հասանելիություն, այդ թվում՝ ընտանիքի պլանավորման, տեղեկատվության և կրթության, ինչպես նաև վերարտադրողական առողջության ինտեգրումը ազգային ռազմավարություններում և ծրագրերում
Թիրախ 3.8
Հասնել առողջապահության համընդհանուր ընդգրկմանը, այդ թվում՝ պաշտպանություն ֆինանսական ռիսկերից, որակյալ էական առողջապահական ծառայությունների հասանելիություն և անվտանգ, արդյունավետ, որակյալ և մատչելի կարևոր դեղորայքի և պատվաստանյութերի հասանելիություն բոլորի համար
Թիրախ 3.9
Մինչև 2030թ. էականորեն կրճատել վտանգավոր քիմիական նյութերի և օդի, ջրի և հողի աղտոտման և թունավորման հետևանքով մահերի և հիվանդությունների թիվը
Թիրախ 3.a
Ուժեղացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի իրականացումը բոլոր երկրներում՝ ըստ անհրաժեշտության
Թիրախ 3.b
Օժանդակել պատվաստանյութերի և դեղորայքի հետազոտություններին և զարգացմանը վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ, որոնցից հիմնականում տուժում են զարգացող երկրները, հասանելի դարձնել մատչելի էական դեղորայքը և պատվաստանյութերը համաձայն Մտավոր սեփականության իրավունքների առևտրային ասպեկտներին վերաբերող (TRIPS) համաձայնագրի և հանրային առողջապահության վերաբերյալ Դոհայի հռչակագրի, որը հաստատում է զարգացող երկրների իրավունքը՝ լիարժեք կերպով օգտագործե¬լու Համաձայնագրի՝ մտավոր սեփականության իրավունքների` առևտրին առնչվող հայեցակետերի մասին դրույթները, որոնք վերաբերում են հանրային առողջության պահպանման ճկուն եղանակներին, և, մասնավորապես, հասանելի դարձնել դեղորայքը բոլորի համար
Այս թիրախին կից ցուցանիշները դեռևս մշակման փուլում են։
Թիրախ 3.c
Էականորեն ավելացնել առողջապահության ֆինանսավորումը և բուժանձնակազմի հավաքագրումը, զարգացումը, վերապատրաստումը և պահպանումը զարգացող երկրներում, հատկապես առավել թույլ զարգացած երկրներում և զարգացող փոքր կղզի-պետություններում
Թիրախ 3.d
Ուժեղացնել բոլոր երկրների, մասնավորապես զարգացող երկրների՝ վաղ նախազգուշացման, ռիսկերի նվազեցման և ազգային և գլոբալ առողջապահական ռիսկերի կառավարման կարողությունները
