Անհավասարությունների կրճատում
Կրճատել անհավասարությունները երկրների ներսում և երկրների միջև։
Անհավասարությունը դրսևորվում է տարբեր ձևերով՝ եկամուտների տարբերություն, կրթության և առողջապահության անհավասար հասանելիություն, ինչպես նաև խտրականություն՝ սեռի, ազգության կամ հաշմանդամության հիմքով։ Բարձր անհավասարությունը կարող է թուլացնել սոցիալական համախմբվածությունը և տնտեսական կայունությունը։
ԿԶՆ 10-ը նպատակ ունի նվազեցնել անհավասարությունները՝ խթանելով հավասար հնարավորությունները և ներառական քաղաքականությունները։ Այն կենտրոնանում է մարգինալացված խմբերի հզորացման և սոցիալական, տնտեսական ու քաղաքական գործընթացներին հավասար մասնակցության ապահովման վրա։
Անհավասարությունների կրճատումը ամրապնդում է հասարակությունները, բարելավում տնտեսական արդյունավետությունը և ապահովում, որ զարգացման արդյունքները հասանելի լինեն բոլորին, ոչ միայն արտոնյալ խմբերին։
Թիրախներ
Թիրախ 10.1
Մինչև 2030թ. աստիճանաբար հասնել բնակչության ստորին 40 տոկոսի եկամուտների աճին՝ ազգային միջինից բարձր ցուցանիշով, և պահպանել այդ աճը
Թիրախ 10.2
Մինչև 2030թ. ուժեղացնել և խթանել բոլորի սոցիալական, տնտեսական և քաղաքական ներառումը՝ անկախ տարիքից, սեռից, հաշմանդամություն ունենալու հանգամանքից, ռասայից, էթնիկական ծագումից, կրոնից կամ տնտեսական կամ այլ կարգավիճակից
Թիրախ 10.3
Ապահովել հավասար հնարավորություններ և կրճատել արդյունքների անհավասարությունները, այդ թվում՝ վերացնելով խտրական օրենքները, քաղաքականությունները և գործելաձևերը՝ և խթանելով այս առումով պատշաճ օրենսդրության, քաղաքականությունների և գործողությունների ընդունումը
Թիրախ 10.4
Ընդունել քաղաքականություններ, հատկապես հարկաբյուջետային, աշխատավարձերի և սոցիալական պաշտպանության քաղաքականություններ և աստիճանաբար հասնել հավասարության առավել բարձր մակարդակի
Թիրախ 10.5
Բարելավել գլոբալ ֆինանսական շուկաների և հաստատությունների կարգավորումը և մշտադիտարկումը, ուժեղացնել նման կարգավորումների իրականացումը
Թիրախ 10.6
Զարգացող երկրների համար ապահովել ընդլայնված ներկայացվածություն և ձայն՝ գլոբալ միջազգային տնտեսական և ֆինանսական հաստատություններում որոշումների կայացման գործում՝ նշված հաստատությունների գործունեությունը դարձնելու առավել արդյունավետ, արժանահավատ, հաշվետվողական և օրինական
Թիրախ 10.7
Դյուրացնել մարդկանց կարգապահ, անվտանգ, կանոնավոր և պատասխանատու միգրացիան և շարժունությունը, այդ թվում՝ պլանավորված և լավ կառավարվող միգրացիոն քաղաքականությունների իրականացման միջոցով
Թիրախ 10.a
Ներդնել հատուկ և տարբերակված վերաբերմունքի սկզբունքը զարգացող երկրների համար, մասնավորապես՝ առավել թույլ զարգացած երկրներում, ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության համաձայնագրերի
Այս թիրախին կից ցուցանիշները դեռևս մշակման փուլում են։
Թիրախ 10.b
Խրախուսել զարգացմանն ուղղված պաշտոնական օգնությունը և ֆինանսական հոսքերը, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները, առավել մեծ կարիք ունեցող պետություններին, մասնավորապես՝ առավել թույլ զարգացած երկրներին, աֆրիկյան երկրներին, զարգացող փոքր կղզի-պետություններին և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին՝ համաձայն վերջիններիս ազգային պլանների և ծրագրերի
Թիրախ 10.c
Մինչև 2030թ. միգրանտների դրամական փոխանցումների գործարքների ծախսերը իջեցնել մինչև 3 տոկոսից ցածր և վերացնել 5 տոկոսից բարձր ծախսերով դրամական փոխանցումների միջանցքները
